Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սևիլ Առաքելյան արվեստագետի առաքելությունը

Սևիլ Առաքելյան արվեստագետի առաքելությունը
13.05.2016 | 09:56

Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայում, հայեցի շնչառությամբ գողտրիկ մի օազիս կա՝ 195-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանը, որտեղ ուսանում են Հայաստանից, աշխարհի հայաշատ տարբեր գաղթօջախներից եկած հայկազուն երեխաներ: Այս կրթօջախում, հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և մնացյալ առարկաներից բացի, ճեմարանականներն անցնում են նաև երգեցողություն առարկան, որը դասավանդում է իր գործի կատարյալ մշակ Սևիլ Առաքելյանը:

Արդեն շուրջ 6 տարի այստեղ է նա՝ հնօրյա ճեմարանում, իսկ մինչ միլիոնանոց Կալկաթայում հայտնվելը ստեղծագործական բեղմնավոր ճանապարհ է անցել մայր հայրենիքում: Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ջերմուկի արվեստի դպրոցում, այնուհետև՝ Ալավերդու արվեստի դպրոց, որտեղ ղեկավարել է ուսումնական բաժինը, զուգահեռաբար ղեկավարել այն ժամանակներում ճանաչված «Հայկենք» միջազգային մրցույթի դափնեկիր երգչախումբը՝ շուրջ 11 տարի: Իսկ Աքորի գյուղում արվեստի դպրոցի ստեղծումն ու ղեկավարումը ճակատագրորեն նրան էր վերապահված, դպրոց, որը գործում է առայսօր և օրհնությամբ հիշեցնում նվիրյալ արվեստագետի անունը:
1992 թվական: Սևիլ Առաքելյանը ՀՀ ՆԳ նախարարության մշակույթի տան տնօրենն է, որտեղ ստեղծում և ղեկավարում է նշյալ նախարարության երգչախումբը, զուգահեռաբար աշխատում աշխարհահռչակ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած ակադեմիական երգչախմբում:


2005-2006 թթ. եղել է Էջմիածնի Քահանայից լսարանի երաժշտության ուսուցիչը և երգչախմբի ղեկավարը, նույն երգչախմբով ելույթ ունեցել մայրաքաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Հիշատակման է արժանի նրա նախաձեռնությամբ «Ավե Մարիա» երգչախմբի ստեղծումը Երևանի Ա. Իսահակյանի անվան գրադարանում, որին նախորդել էին դպրապետի աշխատանքն ու երգչախմբի հիմնումը Առինջի Սբ Հովհաննես եկեղեցում:


-Երբ եկա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան,- վերհիշում է Սևիլ Առաքելյանը,- կրթօջախն ուներ երգչախումբ: Առաջին քայլերս այստեղ սկսեցի՝ երեխաների մեջ հայ և եվրոպական դասական երաժշտության սերմանումով՝ Մոցարտ, Բեթհովեն, Հենդել, Կոմիտաս, Մանսուրյան և ժամանակակից այլ կոմպոզիտորներ: Այժմ շուրջ 70-ի հասնող բարձրակարգ ստեղծագործություններով է հագեցած մեր երգացանկը՝ հայերեն, գերմաներեն, լատիներեն, հնդկերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ծրագրի հայկական հատվածը շքեղանում է Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործություններով, հայրենասիրական երգերով ու խմբերգերով:
2014-ին հովվապետական այցով Հնդկաստանում էր Ամենայն հայոց կաթողիկոսը, և բնական էր նրա հանդիպումը ճեմարանականների հետ: Երբ ելույթ ունեցավ երգչախումբը, կաթողիկոսն անզոր եղավ թաքցնելու իր զարմանքն ու հիացմունքը։


2011 թվական, հունվար: Լարված ու տքնաջան փորձերից հետո ծննդյան տոների առթիվ երգչախումբը պատրաստվում էր մատուցելու Եկմալյանի պատարագը: Մատուցեց քառաձայն, և այդ մատուցումը ցնցող էր: Իսկ երբ ճեմարան էր այցելելու ՀՀ արտգործնախարարը, 6-օրյա ծանրաբեռնված աշխատանքը տվեց ցանկալի պտուղներ՝ չորս խմբերգ Կոմիտասից, հանրահայտ «Սուրբ-սուրբը», «Եկեղեցին հայկական», ժողովրդական մի քանի երգերի մշակումներ: Արդյունքում՝ վեհափառի հանգույն ազգային հպարտությամբ ու հիացմունքով էր համակված նաև նախարար Էդվարդ Նալբանդյանը:


ՈՒրախությամբ նշենք, որ երգչախմբի ելույթները չեն սահմանափակվում միայն հարազատ կրթօջախի կամարների տակ առիթից առիթ կայացող ելույթներով. մշտապես մասնակցելով բարեգործական համերգների, Սուրբ ծննդյան տոներին նվիրված փառատոներին, երգչախումբը փառավորում է հայ երգը՝ արժանանալով առաջին մրցանակների, իրավացիորեն վաստակելով նաև Կալկաթայի լավագույն երգչախումբ պատվանունը ու պարտադրելով բարձրացնել փոքրիկ ու հպարտ Հայաստանի հաղթական եռագույնը։ Բայց այդ պատվանունը պատահական չէ. դա երգչախմբի կատարումներին քաջատեղյակ Կալկաթայի լավագույն երաժշտագետներից շատերի հավաստիացումն ու կարծիքն է: Եվ՝ հիմնավոր կարծիքը: Իսկ այս ամենը արդյունք է տառապագին տքնանքի, նվիրումի ու աշխատասիրության, որոնցով շռայլորեն օժտված է համեստագույն այս մարդը՝ երգչախմբին շունչ, հոգի ու թևեր տվող Սևիլ Առաքելյանը:


Ի դեպ, նա նաև ստեղծագործում է, հեղինակ է մանկական խմբերգերի, քնարական երգերի և հոգևոր ստեղծագործությունների: Իսկ վաստակաշատ երաժշտի լավագույն ստեղծագործություններից մեկը Կալկաթայի Հայոց մարդասիրականի օրհներգն է, որն ամեն առավոտ «Հայր մերից» հետո որպես ոգեղեն աղոթք է հնչում ճեմարանական բոլոր սաների շուրթերից։


Հակոբ ՍՐԱՊՅԱՆ
Բանաստեղծ, ՀԳՄ անդամ,
լրագրող, մանկավարժ
ք. Կալկաթա

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ